Գառնառիճ՝ երեք պետությունների խաչմերուկում ապրող գյուղը
10.01.2020 | 01:18
«ԻՄ ՀՈՂԸ, ՋՈՒՐՆ ՈՒ ՍԱՐԵՐԻ ՀՈՎՆ ՈՒ՞Մ ԹՈՂՆԻՄ»
Նոր Կտակարանում, ըստ Ղուկաս Ավետարանչի, Քրիստոսը, դիմելով աշակերտներին, ասում է. «Դուք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի, որովհետև ոչ մի բանի վրա չի ազդի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»: Հետագայում այլաբանորեն «երկրի աղ» կոչեցին ժողովրդի ակտիվ, ստեղծագործ ուժը, որի անհամանալն իրոք կործանարար է ժողովրդի, երկրի, բնակավայրի համար:
Հայաստանի հյուսիսի ամենահեռավոր կետում՝ Վրաստանի, Թուրքիայի և Հայաստանի խաչմերուկում գտնվող Գառնառիճ գյուղում ապրող ժողովուրդն իր հողի աղն է, շունչն ու հոգին է: Մեծից ու փոքրից անպայման կլսես գյուղը չլքելու հաստատ որոշումը. «Իմ հողը, ջուրն ու սարերի հովն ու՞մ թողնիմ»: Այսպես կլսես Ձմեռ պապից «պուլտով ավտո, գիրք, տիկնիկ, հայրիկի համար աշխատանք, որ գյուղից չգնա, գյուղն աշխարհի կենտրոն դարձնելու…» ցանկություններ ուզող երեխաներից, ջահել-ահելից:
«Իրատես»-ն իր համար հայտնաբերեց Գառնառիճը, երբ մի խումբ համարձակ ու նախաձեռնող երիտասարդների ¥որոնց թվում էին նաև ԱԺ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը՝ «Իմ քայլը» և Գևորգ Գորգիսյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցություն¤ հետ անցյալ տարվա դեկտեմբերին այցելեց տարվա 7 ամիսը ցրտաշունչ ձմռան հաստ ձյունածածկույթով պատված, ծովի մակարդակից 2040 մետր բարձրության վրա ապրող գյուղ:
Գառնառիճի հարևանությամբ է գտնվում 2009 թվականին ստեղծված «Արփի լիճ» ազգային պարկը, որի մակերեսը կազմում է 29 հազար հեկտար: Ազգային պարկի աշխատակից Արմեն Իգիթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։ Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կա կաթնասունների 30 տեսակ։
«ԷՍ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՇՈՐԵՐԻ ՄԵՋ ԱՄԵՆ ՄԵԿՍ ԶԻՆՎՈՐ Է»
1989 թվականից ադրբեջանաբնակ Կուզիքենդ գյուղը վերաբնակեցվեց Ջավախքի Գանձա գյուղից տեղափոխված շուրջ 22 հայ ընտանիքներով: «Գյուղի հիմնադիրը հորաքրոջս տղան էր՝ Երջանիկ Փաղիշյանը: Երկրաշարժից հետո ռուս շինարարների կառուցած քարե տներում էլ բնակվեցին հայ ընտանիքները: 1991-ին Կուզիքենդը վերանվանվեց Գառնառիճ»,- պատմում է գյուղի նախկին համայնքապետ Մանվել Ղազարյանը:
2016 թվականին Գառնառիճը որպես բնակավայր Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ և Շաղիկ համայնքների հետ ներառվեց Արփի համայնքի փնջում: Համայնքների խոշորացումից հետո Գառնառիճում շատ բան չի փոխվել:
Գյուղն ունի 45 տնտեսություն, 263 բնակիչ: Շիրակի մարզին բնորոշ արտագնա աշխատանքի մեկնողներն այստեղ քիչ են, փակ դռներ չկան: Գառնառիճի լիազոր ներկայացուցիչ Հրաչիկ Հակոբյանի խոսքով գյուղը գազաֆիկացված չէ. «Գազի բալոն են օգտագործում, տները ջեռուցվում են գոմաղբով ու փայտով, տարվա կեսը ձմեռ է, դժվար է, բայց յոլա գնում են: Գյուղը հարուստ է բնական աղբյուրներով, ուստի խմելու ջրի խնդիր չունենք, ջրագիծը մասնակի վերանորոգված է: Գյուղամիջյան ճանապարհները փոսալցվել, իսկ դեպի խոտհարք տանող ճանապարհները վերանորոգվել են, բայց դեռ անելիքներ շատ կան»:
Գառնառիճի երկհարկանի դպրոցն ունի 37 աշակերտ, դպրոցի շենքում տեղակայված նախակրթարան հաճախում է 7 երեխա: Դպրոցի տնօրեն Նաիրա Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցի մանկավարժական կազմում բարձրագույն կրթությամբ 12 ուսուցիչ է աշխատում, կրթության նախարարության կողմից գործուղված ուսուցիչներն ապահովված են բնակարաններով, դպրոցը հոգում է նաև նրանց տրանսպորտի և բնակարանավարձի ծախսերը: Տնօրենի ջանքերով վերանորոգվել են դպրոցի տանիքը, սանհանգույցը, ճաշարանն ու պատուհանների մեծ մասը:
Գյուղն առանց խնդրի չի լինում, ու հողի մշակի ամենացավոտ խնդիրը ոռոգման ջրի բացակայությունն է, ինչի պատճառով 650 հեկտար վարելահողը չի մշակվում: Բնակիչներն իրենց հողամասերը ջրելու համար առուներ են սարքել: Գառնառիճը գյուղատնտեսական մթերքների և բրդի իրացման կետերի խնդիր էլ ունի:
«Գառնառիճի ու հարևան գյուղերի միջև ավտոբուս չի աշխատում, գյուղից մեկը որ գնում է քաղաք կամ հարևան գյուղ, ում որ պետք է հետը գնում է: Ասում են, որ բնակչությունը քիչ է, ավտոբուսի ծախսը՝ շատ: Տարիներ շարունակ տրանսպորտ չի եղել, արդեն սովոր ենք: Մեկ-մեկ էլ տաքսիներից են օգտվում: Թեև սահմանամերձ գյուղ է, բայց մարդիկ գալիս են ապրելու, որովհետև սիրուն ու հյուրընկալ գյուղ է, մարդիկ էլ աշխատասեր են ու թասիբով: Համա մի «բայց» կա: Թուրքիայից 7 կիլոմետր ենք հեռու, մի այդքան էլ Վրաստանից, բայց սահմանամերձ գյուղի կարգավիճակ չունենք, ոչ մի արտոնությունից չենք օգտվում, բա դա ազնի՞վ է: Հիմնական խնդրանքս է, որ տեր լինեն գյուղին, իմանան, որ այստեղ բնակչություն կա, այստեղ հայրենասիրություն կա, սրտացավ ու հոգատար վերաբերմունք հողի ու ժողովրդի հանդեպ, որ սահմանապահների հետ հավասար պահպանում ենք սահմանը, հողը, էս սովորական շորերի մեջ ամեն մեկս զինվոր է: Գյուղը շատ ամուր հիմքերի վրա է, ոչ ոք գյուղը չի լքի, մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, գյուղացուն պետք է պարզապես օգնել վառելիքով, օգնեն վար ու ցանքի ժամանակ, ինչպես խորհրդային տարիներին էր, ստեղծող, նամուս-թասիբով, հացով ժողովուրդ ենք, բա ո՞նց: Մենք մեզնով կաշխատենք, կապրենք»,-ասում է Մանվել Ղազարյանը:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՓՈՔՐ ՀԱՄԱՅՆՔԻՑ
Գառնառիճի երիտասարդ բնակիչ, ծնունդով գյումրեցի Էդգար Ամիրյանի համոզմամբ իր բնակչով ու զարգացած ենթակառուցվածքներով կայացած գյուղը հայրենիքի հզորության վկայությունն է: Գյուղում գործող «Արմատ» համակարգային ծրագրավորման լաբորատորիայի ղեկավար, Գառնառիճի և հարևան Արեգնադեմ համայնքի դպրոցներում աշակերտներին համակարգչային լեզուն դասավանդող, ՏՏ ոլորտի մասնագետ Էդգարի երազանքն է Գառնառիճը դարձնել հզոր համայնք: Ցանկությունը կա, կան նաև արարող ժողովուրդ, չքնաղ բնություն, կենդանական ու բուսական հարուստ աշխարհ: «Էլ ուրիշ որտե՞ղ կգտնես էսքան ռեսուրս: Գառնառիճն իմ գյուղն է, Հայաստանի ամենահեռավոր փոքր գյուղն անգամ իմն է, իմ հողն ու ջուրն է: Ես ծառայել եմ Արցախում, հողի արժեքը գիտեմ, եթե մի փոքր հող լինի, դրա վրա կարելի է լիքը բաներ սարքել, շենացնել ու զարմացնել ամբողջ աշխարհին: Դեռ ծառայության ժամանակ որոշել էի, որ պետք է գնամ ու ապրեմ փոքր գյուղում: ՈՒ էդ գյուղն ամեն ձևով պետք է զարգանա, առաջ էրթա,- ոգևորված պատմում է Էդգարը, ու թվում է, որ ոչ թե պատմում, այլ բառերով նկարում է սիրելի գյուղի համայնապատկերը։- Ծառ չլինի, կտնկենք, կաճեցնենք, չլնող բան չկա: Մեր գյուղը սիրուն է, հատկապես ձմռանն անկրկնելի է, մարդիկ կգնան օվկիանոսների ափին նկարվեն, հիանան, էդպես կարող են մեր գյուղում ձնով հիանալ: Գարունն ու ամառն էլ պակաս գեղեցիկ չեն մեր գյուղում, ախր ինչղ ասեմ, որ մեր գյուղը շատ սիրուն է: Էստեղ ընպես թռչուններ կտեսնեք, որ ուրիշ ոչ մի տեղ չեք տեսնի: Ինձ նման երիտասարդներ էլի կան, օր կուզին օջախների ծուխը չմարի, էթացող չկա, գալացող կա»:
Տոնական օրերին Գառնառիճն Էդգարի շնորհիվ տոնական տեսք է ստանում, անգամ հարևան գյուղերից գալիս են տեսնելու, զարմացած ու հիացած վերադառնում են իրենց գյուղում էլ նույնը կրկնելու որոշմամբ: Էդգարի երազանքը գյուղական զբոսաշրջության զարգացումն է: «Դրա ճարն էլ գիտեմ: Ձեռնարկատիրական մի ծրագիր ունեմ, ես երկրորդ մասնագիտություն էլ ունեմ, ոսկերիչ եմ, աշակերտներիս հետ մեր գյուղի լոգոն որպես զարդ, տարբեր կենդանիների տեսքով սարքել եմ, գյուղական միջոցառումների ժամանակ, երբ տուրիստներ էլ կգան, ամեն մեկն իր տան առաջ մի փոքր տաղավար կդնե ու կվաճառե զարդերը, էսպես կգովազդենք մեր գյուղը: Ամեն ինչ կուզեմ անել, մենակ քաղաքի ղժբժը չլնի, տեսեք, ճաշն ինչքան համով էղնի, մե աման կուտես, բայց որ շատ կլցնես, էլ չի ուտվի: ՈՒզում եմ, որ մեր գյուղի կոլորիտը չվերանա, թող մեծանա, զարգանա, բայց համն ու հոտը չվերանա: Գառնառիճը պիտի դարձնենք աշխարհի կենտրոնը»,- ասում է Էդգարը:
Գառնառիճում զբոսաշրջության զարգացման իր ծրագիրն ունի նաև «Արփի լիճ» ազգային պարկի աշխատակից Արմեն Իգիթյանը: Նա նախատեսել է կառուցել հյուրատուն` հետագայում ծրագիրն ավելի ընդլայնելու մտադրությամբ:
«ՔԱՂԱՔԸ ԳՅՈՒՂ ԲԵՐԵԼՈՒ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Գառնառիճն աշխարհի կենտրոն դարձնելու ծրագրերով տոգորված երիտասարդներն ունեն աջակիցներ՝ հանձինս ագրոհեղափոխության գաղափարակիր, «Երազանքի գյուղ» նախագծի համահիմնադիր Ստելլա Սարուխանյանի և իր 39 թիմակիցների: Թիմը Գառնառիճ էր եկել խթանելու գյուղի զարգացման ծրագրերի իրականացումը, նաև պաշտոնյաների ուշադրությունը գյուղի խնդիրների վրա հրավիրելու ակնկալիքով:
Նրանց նպատակն է Գառնառիճում զարգացնել գյուղական զբոսաշրջությունը, որի համար կան նպաստավոր պայմաններ, ցանկություն և համառություն:
-Յուրաքանչյուր բնակչի տունը կարող է դառնալ գյուղական զբոսաշրջության կենտրոն: Եկեք քաղաքը գյուղ բերենք, եկեք միանման օրեր ապրելու փոխարեն այստեղի գեղեցիկ բնության մեջ լիարժեք ու երջանիկ ապրենք: Այս գյուղի օդը, բնությունը անհնար է փոխել մայրաքաղաքի օդի ու բնության հետ, ձերը հազարապատիկ լավն է, ամեն ինչը պետք է համեմատել ու տեսնել ձեր գյուղի առավելությունը: Գառնառիճը պետք է դարձնենք աշխարհի կենտրոնը, մտածենք, թե ոնց քաղաքը գյուղ բերենք,- դիմելով Գառնառիճի բնակիչներին՝ ասաց Ստելլան:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- ՈՍԿԵՊԱՐ. այդ քաղցր բառը՝ խաղաղություն
- «Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»
- «Արհմիություն-գործատու համագործակցությունից կշահեն թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ու իր բիզնեսը»
- «Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»
- Երանի թե հայ գյուղացու բոլոր օրերի լուսաբացն ու մայրամուտն ավարտվեն խինդով և ուրախությամբ
- Գործատուն պարտավոր է հարգել աշխատողի աշխատանքային իրավունքը` առանց գործադուլավորի պարտադրման
- «Անհրաժեշտ է կանխել գյուղնշանակության հողերի դեգրադացումը»
- Ահագնացող աշխատանքային միգրացիան երկիրը «դատարկեց» որակյալ մասնագետներից
- Ոչ միայն երազանք, այլև իրականություն
- Տուրիզմով զբաղվելու համար նախ պետք է սիրել հայրենիքը
- «Վայել չէ թագավորի և իշխանի համար գողեր և ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են»
- «Արհմիությունների հանդեպ վստահության վերականգնումը պետք է սկսել զրոյից»
- Աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այն բավարարի ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար
- «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»
- Գազատար խողովակները կան, բայց բնակիչը գերադասում է փայտը
- Դիլիջանն իր ռեսուրսներով կարող է ապրել
- Մեղրի եկողը, դեռ չմեկնած, մտածում է հաջորդ այցի մասին
- Տաշտունը 160 ծուխ ուներ, այսօր մնացել է 22-ը՝ 60 բնակչով
- Անտառներով շրջապատված բնակավայրն իր ջեռուցման հարցը լուծել չի կարողանում, օրենքը թույլ չի տալիս
- «Սյունիքի մարզը պատերազմող երկիր է, յուրաքանչյուր փակ դուռ հավասարազոր է պոստի լքման»
Մեկնաբանություններ